Կանցնեն օրեր, կգան նորեր,
Մենք չենք լինի լուսնի ներքո,
Կուզեմ կյանքից ջահել անցնել,
Որ չտեսնեմ անցնելը քո:
Այսօր Արամայիս Սահակյան ծննդյան օրն է: Սիրված բանաստեղծ, հաղորդավար, երգիծաբան Արամայիս Սահակյանը ծնվել է 1936թ. մայիսի 24-ին, Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղում:
1955-60 թթ. սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության և գրականության ֆակուլտետում, ապա` Մոսկվայի ԽՍՀՄ Գրողների միությունում: 1960թ-ից թղթակցել է «Ավանգարդ», «Գարուն» պարբերականներին:
1958թ-ից Հայաստանի Գրողների, 1971թ-ից` Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ էր: 1971-76թթ աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր: 1977-81թթ եղել է ՀԽՍՀ Գրողների միության կուսակցական քարտուղարը:
1990-95թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: Եղել է ՀԽՍՀ Պետական մրցանակի և Լենինյան կոմերիտմիության «ոսկե գրչի» դափնեկիր:
1958-2002թթ տպագրության է հանձնել ավելի քան 40 գիրք: Նրա գրած բանաստեղծությունների հիման վրա գրվել է ավելի քան 100 երգ, այդ թվում` կինոնկարների ու թատերական ներկայացումների համար:
Արամայիս Սահակյանն արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների: Ավելի քան 10 տարի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ծիծաղի տուն» երգիծական հաղորդումը: 1982թ-ից ի վեր «Ոզնի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր:
Մահացել է 2013 թվականի մարտի 14-ին, Երևանում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ոչինչ, եթե տխրես մի քիչ:
Վախով նայիր... չտխրողին:
Մարդու սրտին պետք է և վիշտ,
Ինչպես անձրև՝ ծարավ հողին:
Երբ ես գնամ՝ կզգաս թախիծ,
Բայց գնալիս գուցե ասեմ.
Վերջին պահիս ժպտա՛ դու ինձ՝
Ես քեզ տխո՛ւր թող չտեսնեմ...